История / Средние века / Կիլիկյան Հայաստան >> Կիլիկյան Հայաստան. Ամփոփում։

Կիլիկյան Հայաստան. Ամփոփում։



Armenian Cilicia Kilikia Կիլիկիա herb
Հայկական Կիլիկիայի դրոշը

Վերջացնելով թեման պետք է արձանագրել, որ հայոց պատմության հազարամյակների ճանապարհին Կիլիյան Հայաստանի դարձավ հայ բազմատանջ ժողովրդի համար մի հանգրվան, երկրորդ հայրենիք, բայց ավա՜ղ, այդ հույսի ճրագն էլ, ապրեց ընդհամենը 300 տարի։ Այդ տարիներին երկիրը հատկապես ամուր մնաց Լևոն 2-րդի, Հեթում 1-ինի և Լևոն 3-րդի գահակալության հարյուրամյակում։ Այս տարիներն էին, որ արգասաբեր եղան Կիլիկեհայության համար բոլոր բնագավառներում։ Լևոն 2-րդն էր, որ դիվանագիտական ընդունակություններով օժտված, դաշնակցելով Հալեպի սուլթանության և Խաչակիրների հետ՝ կարողացավ զսպել հարևան պետությունների նվաճողական նկրտումները։ Խաչակիրներին հանելով Սալահ-էդ-Դինի դեմ, իր երկիրը փրկեց Արևելքի հզոր ու դաժան զորավարի նվաճումներից։ Նրա վարած ներքին ու արտաքին խելամիտ քաղաքականության շնորհիվ հաջորդներին թողեց 70,000 քկմ-անոց պետություն ամուր սահմաններով, տնտեսությամբ և ներքին քաղաքականությամբ, հզոր բանակ, պետական ապարատ՝ իր բոլոր ատրիբուտներով։

Armenian Cilicia Kilikia Կիլիկիա map  քարտեզ
Կիլիկիան 1080-1375թթ

Այո', նա էր հայոց գահի վերականգնողը՝ միջազգային ճանաչմամբ։ Խելացի աշակերտի նման նա դասեր քաղեց Մլեհի կոմպրոմիսային ճկուն դիվանագիտությունից, որը մեր ազգային- պետական գործիչների խոցելի կողմն է։ Մատների վրա կարելի է հաշվել հայ այն ազգային- պետական այրերին, որոնք կարողացել են բռնել իրենց ժամանակաշրջանի քաղաքական զակերակը և աշխատեցնել զարկերը ի շահ հայրենիքի։ Այդպիսիք էին նաև արաբական շրջանից մեզ ծանոթ Թեոդորոս Ռշտունին և Լևոն 2-րդին հաջորդած Հեթում 1-ինը, որի մասին հնարավոր չէ չբարձրաձայնել։ Արևելքի անապատներից Փոքր Ասիա ու Կիլիկիա հասած հորդաների ցասումը սանձահարել դիվանագիտության ճանապարհով, առանց զոհերի ու պատերազմների և երկիրը մոտ հիսուն տարի փրկել ասպատակություններից, Կիլիկիան դարձնել աշխարհակալական Մոնղոլիան Եվրոպային կապող առևտրական կարևոր հանգույցներից մեկը. Ահա Հեթում 1-ինի ամենակարևոր գործերը։ Բայց պատմության մեջ ոչինչ հարատև չէ։ Երբ գահակալական երկպառակտչական պայքարը խորքից ցնցում ու թուլացնում էր մոնղոլական երբեմնի աշխարհակալ տերությունը, հայերը կամաց-կամաց զրկվում էին հզոր դաշնակցից։ Այս բանը ցայտուն երևաց Ղազան խանի իշխած (1295-1304) տարիներին, երբ բոլորովին խզվեց հայ-մոնղոլական ռազմական դաշինքը։

Armenian Cilicia Kilikia Կիլիկիա map  քարտեզ
Լևոն 6(?7)-ի զինանշանը, այստեղ միահյուսված են Հեթումյանների, ֆրանկ Լուզինյանների և Երուսաղեմի թագավորության դրոշների տարրեր

Ահա այս ժամանակ էր, որ երերաց հայ դիվանագիտությունը։ Լևոն 3-րդից հետո Կիլիկյան թագավորները ընտրեցին արտաքին քաղաքականության լատին-եվրոպական ուղին, որը իր անհեռանկարության պատճառով, երկիրը տարավ կործանման։ Երբ վայրենացած եգիպական սուլթաննները հաշտությունից-հաշտություն կիլիկյան թագավորներին հասկացնում էին հրաժարվել լատինամոլությունից, չխնդրել Եվրոպայից նոր խաչակրաց արշավանքներ, մեր թագավորները քրիստոնեական հովերով տարված սպասում ու հրահրում էին նոր խաչակրաց արշավանքներ, որի փոխարեն ստացանք հարևան իսլամական երկրների հզոր ու մահացու հարվածները։ Երբ պատմության թատերաբեմից հեռանում էր Կիլիկիան, արդեն Մերձավոր Արևելքում չկային խաչակիրների պետությունները, Արաբական խալիֆայությունը, Բյուզանդիայից միայն գահն էր մնացել, Իկոնայի սուլթանության ավերակների վրա 1299-ին ստեծվել էր օսմանցիների պետությանը։ Արևմուտքում նույնպես վիճակը փոխվել էր։ Անգլիայի և Ֆրանսիայի միջև սկսված հարյուրամյա պատերազմը (1337-1453) հազիվ թե թույլ տար նոր արշավանք դեպի Տիրոջ գերեզման։ Արտաքին աշխարհի այս նոր ազդակներին հայ դիվանագիտությունը նոր արձագանքներ չտվեց։ Նոր ռազմավարության ու նոր դաշնակիցների փոխարեն մենք աղոթներ էինք ուղղում առ Հռոմի Պապ։

Հեթում թագավորի ծնրադիր պատկերը Սկևռայի մասնատուփի վրա, 1293 թ
Անատոլիա Anatolia Cilikia
Անատոլիան 1300 թվականին

Այս անհեռատես քաղաքական կուրսը սկսվեց նաև հայկական հարցի ծագման հետ և շարունակվեց մինչև 1915 թվականը, երբ մեր քաղաքակիրթ ու քրիստոնյա «բարեկամների» առևտրից գազազած թուրքը մի քանի ամիսների ընթացքում արմատից կտրեց մի ողջ ժողովուրդ։ Մորթվեց մի հին ու միամիտ ժողովուրդ՝ մանկամիտ դիվանագիտությամբ։ Արևմտահայ հրապարակախոս և բանաստեղծ, դաշնակցական հայտնի գործիչ Ակնունին (Մալումյան) մորմոքված եղեռնի ցավից գրում էր. «Այո, մեզ պետք է թուրքերը կոտորեին։ Դա չէ ցավը, ամենամեծ ցավն ու ամոթը այն եղավ, որ անգրագետ խուժանը մեզ խաբեց՝ այն էլ ազգովի»։ Ամփոփման մեջ պետք է արձանագրել, որ Կիլիկիայի հայկական պետության երեք հարյուրամյա գոյությունը հնարավորություն տվեց անկախ պետության մեջ ցարգացնելու սեփական հարուստ մշակույթը, պետականությունը, ազգային քաղաքականությունը և գիտությունը։ Կիլիկիայի արքունիքը, Ն. Ադոնցի արտահայտությամբ, «Դեպի իրեն էր քաշում Հայատանի լավագույն ուժերը»։ Լևոն 2-րդի օրոք բազմաթիվ դպրոցներ կառուցվեցին, իսկ Լևոն 3-րդ թագավորը և գիտնական կաթողիկոս Հակոբ 1-ին Կլայեցին ջերմորեն աջակցում էին մշակույթի զարգացմանը։ Կիլիկյան Հայաստանի շնորհիվ օտարները ավելի լավ ճանաչեցին հայերին, իսկ հայերը՝ օտարներին։

Թորանյան Մինաս Toranyan Minas Торанян Минас
Հեղինակ՝ Թորանյան Մինաս

Կիլիկյան Հայաստանի ստեղծած հոգևոր արժեքները իրենց ողջ փայլով մտան հայոց մշակույթի ու պատմության ընդհանուր գանձարան, և այդ տեսանկյունից Կիլիկիայի պատմության ուսումնասիրումը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության համար։ Դրա հետ մեկտեղ Կիլիկյան Հայասատանը գտնվում էր այն ժամանակվա Արևելքի քաղաքական իրադարձությունների, ինչպես նաև Ասիայի հետ Եվրոպայի տնտեսական և մասամբ էլ տնտեսական շփումների կիզակետում։ Նա ակտիվորեն մասնակցում և նշանակալի դեր էր խաղում մի շարք երկրների քաղաքական, առևտրական և մշակութային փոխհարաբերություններում, այդ պատճառով էլ Կիլիկյան Հայասատանի պատմության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքում և Եվրոպայում խաչակիրների, մոնղոլների, Կիպրոսի, և մյուս ժողովուրդների միջազգային կապերը պարզելու համար։ Վերջացնելով թեման պետք է մեծագույն ցանկությամբ սպաել այն երանելի ու բաղձալի օրերին, երկիր դրախտավայր Կիլիկիան իր իսկական բնակչին՝ կարոտախտով տառապող հայ ժողովրդին կնդունի ՄԵԾ ՍԻՐՈՎ։ Կարծում եմ՝ թեման կարող են եզրափակել Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգի հետևյալ հայրենակարոտ բառերը։

 
Երբ որ բացվեն դռներն հուսո, 
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ, 
Չքնաղ երկիրն մեր Արմենիո, 
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր, 
Երբ որ ծիծառն իր բույն դառնա, 
Երբ որ ծառերն հագնին տերև, 
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, 
Աշխարհն, որ ինձ էտուր արև։